Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
14-06-2021 15:56:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2021 թվականի հունիսի 14-ին ՀայՓոստ ընկերությունը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում մարեց և շրջանառության մեջ դրեց «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշեց.- «Շատ ուրախ ենք, որ այսօր շրջանառության մեջ է դրվում հայ մեծ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված նամականիշը: ՀայՓոստի այս նամականիշը կտարածվի ամբողջ աշխարհով՝ ևս մեկ անգամ հավերժացնելով մեծն կոմպոզիտորի անունը»:
890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928թթ.):
Գեղաթերթիկի վրա պատկերված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում: