Եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը. ՀՌՀ նախագահ


Եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը. ՀՌՀ նախագահ

  • 16-06-2021 19:26:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին:
 
Ինչպես տեղեկանում ենք ՀՌՀ-ից, Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև  արտահերթ ընտրությունների ընթացքում Հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:
 
ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում:
 
Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը:
 
Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են  Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play