Հիմնական գործընթացները կսկսվեն 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի՝ ռուսական զորքերը ևս 5 տարի մնալո՞ւ են Արցախում, թե ոչ. քաղաքագետ
17-06-2021 16:22:49 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ելք միշտ էլ կարելի է գտնել: Հիմնական գործընթացները կսկսվեն 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի, թե ռուսական զորքերը ևս 5 տարի, կամ, ավելի երկար, մնալո՞ւ են Արցախում, թե ոչ:
Դա ծանր որոշում է լինելու Ադրբեջանի համար, չհամաձայնվելու դեպքում կբարձրանա Արցախի կարգավիճակի խնդիրը, որպեսզի շրջանցվի Ադրբեջանի մերժելու հնարավորությունը, իսկ համաձայնվելու դեպքում ներիշխանական ճգնաժամի խնդիր կառաջանա:
Արցախի պատերազմում մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա, կազմված Թուրքիայից, Իսրայելից, Բրիտանիայից ու Պակիստանից: Նրանից յուրաքանչյուրն իր խնդիրներն է դրանով լուծել։ Այդ կոալիցիային ընդդեմ հակառակ կոալիցիայի ձևավորումն ընթացքի մեջ է ու բացառված չէ, որ Ադրբեջանում նույն սցենարը կիրառվի, ինչը կիրառվել է 2018 թվականին Հայաստանում՝ "հեղափոխությունը"։
Ֆիքսենք, որ Շուշի փաստաթղթում Թուրքիան Ադրբեջանին պարտադրեց համաձայնվել, որ իրենք միջազգային հարթակներում վարելու են անկախ և միասնական քաղաքականություն: Այսինքն Ադրբեջանը որևէ միջազգային ռազմական կոալիցիայի մեջ չի մտնի։
Սա ուղղակի որպես սցենարներից մեկը պետք է դիտարկվի: Կարելի է դիտարկել ևս մի քանի հետաքրքիր սցենարներ։
Հատուկ կարճ եմ գրում ու հատուկ հիմա եմ գրում, որպեսզի անկումային տրամադրությունները չխորանան (սցենարների մասին պետք է երկար ու ավելի լուրջ խոսել, բայց ոչ հիմա)։
Իրավիճակից ելք միշտ էլ կարելի է գտնել, սակայն դրա համար պետք է ազատվենք 2018-ին Հայաստանում ներդրված սրիկաներից ու վերջ տանք լակոտոկրատիային, ինչը պարտավոր ենք անել հունիսի 20-ին»։