Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան

19-06-2021 11:45:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն





 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։
 
Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:
 
Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։
 
Անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը
լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։
 
Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։
 
Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։
 
Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:
 
Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։
 
Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։
 
Հաջողություն և ամենայն բարիք...
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 127 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար