Փաշինյանի ձայների մոտ 40 տոկոսը հակաէլեկտորատ է. մարդիկ քվեարկել են, որ Քոչարյանը կամ Սարգսյանը չվերադառնան. Վարդան Բալյան

Փաշինյանի ձայների մոտ 40 տոկոսը հակաէլեկտորատ է. մարդիկ քվեարկել են, որ Քոչարյանը կամ Սարգսյանը չվերադառնան. Վարդան Բալյան

  • 23-06-2021 17:35:20   | Հայաստան  |  Քաղաքական



Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում որևէ ընտրություններով ընդդիմությունը իշխանություն չի դարձել. Փաշինյանը 2018 թվականին իշխանություն է դարձել`լինելով իշխանություն: Այս մասին Նոյյան Տապանի. «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց  քաղաքական վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Վարդան Բալյանը:
 
«Այլ հարց է, եթե Փաշինյանը չլիներ այդ պահին գործող վարչապետ, կարող էր արդյոք այդ ընտրական պայմաններում հաղթեր ընտրությունները: Մեր նման երկրների պայմաններում որտեղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը ցածր եկամուտներ ունեցող են, ընտրությունների նման արդյունքը կանխատեսելի է, քանի որ ցանկացած իշխանություն ունի ցածր եկամուտ ունեցողների աջակցություն. որքան քիչ են մարդկանց եկամուտները, այնքան քիչ են իշխանությունից նրանց սպասելիքները: Հիմա էլ գյուղաբնակների շրջանում է շատ ձայն հավաքել Փաշինյանը, ինչպես եղել է նախկին իշխանությունների օրոք: 
 
Երկրորդ, ինչքան կրթական ցանզը բարձր է, այնքան քիչ ձայն է ստանում իշխանությունը: Եվ երրորդ, սա ի՞նչ ընտրություն: Ի՞նչ են առաջարկել քաղաքական ուժերը, կարո՞ղ եք ասել` որն էր նրանց ներկայացրած արժեքավոր առաջարկն ընտրողին»,- նշեց Բալյանը: 
 
Քաղաքական վերլուծաբանի դիտարկմամաբ` կանխատեսելի էր այն, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը պարտվելու է ընտրություններում. «Ինչո՞ւ Քոչարյանը պարտվեց, նա չէր էլ կարող հաղթել, նա կարող էր ընդամենը թույլ չտար Փաշինյանի հաղթանակը` 50+1, որովհետև երբեք նախկինը ապագա չի դառնում: Անցյալը ապագայի ստվերն է, բայց ոչ երբեք հակառակը: Մյուս կողմից, Քոչարյանի թիմը սկզբում շատ ճիշտ էր վարում քարոզարշավը, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում թույլ տվեց մի քանի առանցքային շատ լուրջ սխալներ: Բազմաթիվ մարդիկ, ովքեր անտարբեր էին ընտրությունների նկատմամաբ, քանի որ ընտրարշավում չկար բովանդակություն, հավանական համարեցին Քոչարյանի հաղթանակը, և այդ մարդկանց մեծ մասը մոբիլիզացվեց Փաշինյանի շուրջ: Փաշինյանի ձայների մոտավորապես 40 տոկոսը հակաէլեկտորատ է. մարդիկ քվեարկել են, որ Քոչարյանը կամ Սարգսյանը չվերադառնան»,- ասաց նա: 
 
Առավել մանրամասն` տեսանյութում 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական