Ռուստամ Բադասյանը պարզաբանել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխությունները


Ռուստամ Բադասյանը պարզաբանել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխությունները

  • 30-06-2021 20:42:42   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ պարզաբանել է ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը։ «Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին»,- ընդգծել է Բադասյանը։
 
Ներկայացնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է.
 
«Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։
 
Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայում մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։
Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։
Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․
 
Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես օրինակ՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային բրասլետների գնումն արդեն նախատեսված է)։
Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։
Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը»։
Ռուստամ Բադասյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբին, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին, աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանին՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play