Տպավորություն է, թե Արցախի հարցում մեր միակ խնդիրը ֆինանսական փոխանցումներն են, և դրանից ավելի Հայաստանն անելիք չունի. քաղաքագետ
15-07-2021 18:00:01 | Հայաստան | Քաղաքական
Որքանով են համընկնում Հայաստանի և իր դաշնակիցների քաղաքական շահերը, դժվար է ասել, քանի որ հստակ չի անգամ, թե մեր քաղաքական վերնախավի համար որոնք են Հայաստանի շահերը: Նախ դա պետք է հասկանանք, որ տեսնենք, արդյոք համընկնում են մեր շահերը մյուսների շահերի հետ: Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:
«Ինձ մոտ տպավորություն է, թե մեր երկրի ղեկավարության պատկերացմամբ Արցախի հարցում իրենց խնդիրը միայն ֆինանսական փոխանցումներն են, և դրանից ավելի Հայաստանն այդ հարցում անելիք չունի: Իսկ Արցախի բնակիչների ֆիզիկական անվտանգությունը Ռուսաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ասենք, եթե ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայամանավորվի, որ իր զորքերը մնալու են այդտեղ, Արցախի բնակչության անվտանգությունն ապահովված կլինի, մարդիկ էլ իրենք կորոշեն` ցանկանում են ապրել Արցախում, թե պատրաստվում են տեղափոխվել
Ու չնայած բոլոր հայտարարություններին, թե հակամարտությունը կարգավորված չէ, մեզ համար կարևոր է ստատուսի հարցը և այլն, սակայն առարկայական որևէ քայլ չկա, միայն հայտարարություններ են: Եթե Հայաստանը համարում իր, որ իր հիմանական խնդիրը Արցախում ապրող հայերի նվազագույն սոցիալական հարցերի բավարարումն է, չեմ կարծում, որ ասենք ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համար խնդիրներ կստեղծի»,- ասաց Պողոսյանը:
Նա նկատեց` շուրջ մեկ տարի է` Հայաստանից զորակոչիկներ Արցախ չեն գնում, իսկ այն զինծառայողները, որ Արցախում էին և նրանց ծառայությունն ավարվում է, արդնե վերադառնում են: «Վերջին անգամ Հայաստանից Արցախ զորակոչիկներ գնացել են 2020 թվականի ամռանը, այսինքն 2022 թվականի ամռանը վերջին զինվորներն այնտեղից դուրս կգան, և Հայաստանն արդեն օբյեկտիվորեն չի կարողանա Արցախում որևէ բան ապահովել: Հիմա խոսակցություններ կան, որ գուցե պայմանագրային զինծառայություն լինի, սակայն դա շատ մշուշոտ է, և հստակ է միայն, որ դա չի կարող փոխարինել այն գործընթացին, որ կար մինչև 2020 թվականի պատերազմը»,- ասաց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրենը: