Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է զինված միջադեպին, որում շրջանառվում է եղբոր անունը
19-07-2021 21:31:50 | Հայաստան | Մեկնաբանություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Ամիրյան փողոցում հնչած կրակոցներին։
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:
Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- ընդգծել է Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է եղել երեկ մայրաքաղաքի կենտրոնում կրակոցներ արձակած անձը: