Ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են. ՄԻՊ


Ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են. ՄԻՊ

  • 23-07-2021 20:25:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները լսելի են Կութ, Սոթք և Ազատ գյուղերում։ 
 
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ըստ տեղեկությունների՝ կակոցները սկսվել են ժամը 17։00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինած ուժերի դիրքերը։ 
 
Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
 
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play