Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն կհարցաքննվե՞ն Երեւանում


Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն կհարցաքննվե՞ն Երեւանում

  • 27-07-2021 12:10:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Խորհրդարան անցած ընդդիմությունը կասկած է հայտնել այս կապակցությամբ, թե ինչպես կարող է թիվ մեկ պատասխանատուն անաչառ քննել պատերազմի հանգամանքները: Մյուս կողմից, այդ ընդդիմությունը խոստացել է նոր խորհրդարանում մեծամասնությանն «օր ու արեւ չտալ» պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարցերով:
 
Դատելով նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում ծավալված «բանավեճից», խորհրդարան անցած ուժերից դժվար է սպասել պատերազմի հանգամանքների լիարժեք հետաքննություն: Բանն այն է, որ խորհրդարան անցած ընդդիմությունը հավատարմություն է հայտնել եռակողմ հայտարարությանն ու դրա հեղինակ Ռուսաստանին եւ միակ մեղավոր ու դավաճան համարել իշխող ուժին: Վերջինս, իր հերթին, հակադարձել է նույնկերպ, այդ թվում ճակատի ու թիկունքի քայքայման համար մեղադրելով նախկիններին: Պետք է նշել, որ իշխող ուժը եւ դրա ղեկավարը երբեմն ակնարկներ էին անում Ռուսաստանի կողմ, սակայն, ինչպես պարզվեց հընթացս՝ դրանք սեփական իշխանությունն ու դիրքերը պահելու նպատակով էին արվում:
 
Վեր կանգնելով ներքին բանավեճի մասնակիցների անմակարդակ բանավեճերից, հարցը կարելի դնել հետեւյալ կերպ՝ հնարավո՞ր է մոսկովյան սցենարով ու քվոտաներով կազմավորված նոր խորհրդարանում սպասել Հայաստանի դեմ 2020-ի աշնանային արշավի քաղաքական լիարժեք գնահատական ու դրա հիման վրա հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, թե՞ ամեն ինչ հանգելու է ներքին ռազբորկաներն ու Ռուսաստանի արդարացումն «ինստիտուցիոնալ մակարդակում փակելուն»:
 
Հանձնաժողովը հարցաքննության կհրավիրի՞ Պուտինին, Լավրովին, Շոյգուին, ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հայտարարել են 2020-ի աշնանային արշավը Թուրքիայի հետ համատեղ պլանավորելու եւ իրագործելու, հայկական պարտությունը եւ կապիտուլյացիոն բնույթի պայմանագրերը հեղինակելու եւ պարտադրելու մասին: Այս համատեքստում քննելի է հետեւյալ հարցը՝ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր այդ ծրագրերից, մասնակի՞ց է դրանց, թե ոչ: Եթե տեղյակ էր՝ եղե՞լ են ինչ որ պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է խախտվել են:
 
Նույնիսկ Կրեմլից նետված քարոզչական կաղապարներն ու դրույթները, որոնք ակտիվ ծամծմում է հայկական մեդիա-քաղաքական դաշտի ռուսական հատվածը, լիովին հստակ պատկեր են բացում այս առումով: Նախեւառաջ աչքի է զարնում այդ դրույթների հակասականությունը, ինչն արդեն իսկ շատ բանի մասին է վկայում, հատկապես հայկական այդ շրջանակների անմակարդակ կատարման պայմաններում:
 
ՀՀ նոր խորհրդարանում կազմավորվելիք այս հանձնաժողովը կարող է դառնալ ռուս-թուրքական ծրագրերին դիմադրության քայլերից մեկը, եթե դրա աշխատանքները կազմակերպվեն քաղաքական լիարժեք գնահատականի հիման վրա: Խորհրդարան անցած ուժերը ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերի հարցում: Նոր խորհրդարանը գնահատվելու է հենց այս չափանիշով:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play