«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում


«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում

  • 05-08-2021 11:07:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում:
 
Համերգները նվիրված էին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. հնչել են անվանի կոմպոզիտորի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ բոլորի կողմից սիրված  ստեղծագործությունները:
 
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Մարտունի և Վարդենիս քաղաքներում անցկացված համերգները՝ նշելով, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Երևանից դուրս՝ մարզերում և սահմանամերձ համայնքներում, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախմբի և արտիստների ելույթները  չզիճեն մայրաքաղաքում իրականացվող համերգային ծրագրերին:  
 
«Իզուր չէ, որ համերգներն իրականացնում ենք «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. պետք է սահմանամերձ համայնքներում, ամենուր, մեր առօրյայում շատացնենք մշակույթը, որպեսզի հաղթահարենք հոգեբանական ճգնաժամերն ու մեղմենք նմանատիպ տրամադրությունները»,- շեշտել է թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս խորագրի ներքո իրականացվող համերգները լինելու են շարունակական, և առաջիկայում դրանք կանցկացվեն Տավուշի մարզի Բերդավան, Բերդ, Ազատամուտ համայնքներում, իսկ ավելի ուշ՝ Սյունիքում՝ Դարբաս, Մեղրի, Կապան համայնքներում:
 
Հատկանշական է, որ համերգներից առաջ «Առնո Բաբաջանյան» թեմայով իր անհատական ցուցահանդեսով ներկայացել է թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը: 
 
«Ներկայացրել եմ շուրջ 25 կտավ, որոնցից 15-ը բաբաջանյանական թեմայով են՝ կոմպոզիտորի դիմանկար և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ: Ցուցադրության մեջ ներառված են նաև նատյուրմորտներ և այլ կոմպոզիցիաներ»,-  տեղեկացրել է երիտասարդ նկարիչը:
 
Այն դիտարկմանը, թե արդյոք սահմանամերձ համայնքներում ներկայացվող այդ ցուցադրությունը կհամալրվի հարուստ և գեղեցիկ բնությունից ստացված  ոգեշնչումներով, Նարեկ Տերյանը պատասխանել է. «Անշուշտ, կհամալրվի, քանի որ ամենաշատը ոգեշնչվում եմ  բնությամբ, և շրջագայության ընթացքում իմ ներսում,  աշխարհում ունեցած բացահայտումները բերելու և ցույց եմ տալու նաև  մարդկանց»:    
 
Թատրոնի արտիստ Միլենա Մելիքյանն էլ նշել է, որ Հայաստանի երգի պետական թատրոնն իր երկար տարիների պատմության մեջ ունի ձևավորված ավանդույթ՝ լինել սահմանում, զինվորի և սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների կողքին: 
 
«Չնայած այս ժամանակահատվածի բարդ մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գործունեությանը: Գեղարքունիքում իրականացված երկու համերգներն էլ տպավորիչ էին, քանի որ յուրաքանչյուրս փորձում ենք լինել մեր տեղում, մշակույթով հաղթահարել և դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- ասել է  Միլենա Մելիքյանը և հավելել, որ ծրագրում ընդգրկված Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները մեծ սիրով և ջերմությամբ են ներկայացրել տեղի  հանդիսատեսին:
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play