Միրզոյանը և Բայրամովը վաղը հանդիպում կունենան Ստոկհոլմում


Միրզոյանը և Բայրամովը վաղը հանդիպում կունենան Ստոկհոլմում

  • 01-12-2021 20:27:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը, հայտնում է «Ազատություն»-ը։
 
«Եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու՝ ինչ իրավիճակ է տեղում նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, և ինչ է անում Բրյուսելը Արևելյան գործընկերության անդամ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։
 
«Իրավիճակը շարունակում է մնալ լարված», – տեղեկացրեց Եվրահանձնաժողովի՝ Արևելյան հարևանության գծով ղեկավար Լոուրենս Մերեդիթը։ – «Ես Հարևանության հարցերով հանձնակատար Վարհեիի հետ մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ Կովկասի երեք երկրներում արտգործնախարարների հետ հանդիպումներին։ Դա հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև ողբերգական բռնությունների վերսկսման օրն էր, կամ՝ դրանից քիչ առաջ։ Ուզում եմ մեր կողմից շատ հստակ ընդգծել՝ Եվրահանձնաժողովը ծայրաստիճան հանձնառու է անել ամեն բան, որ կայուն խաղաղությունը հնարավոր դառնա՝ ի շահ Կովկասի բոլոր երկրների»։
 
Այդ նպատակով Եվրահանձնաժողովն անցած տարվա պատերազմից հետո 17 միլիոն եվրո է տրամադրել՝ որպես մարդասիրական աջակցություն։ «Քննարկում ենք հնարավոր բոլոր տարբերակները՝ կողմերի միջև հաղորդակցությունն ամրապնդելու, ինչպես նաև ներդրումներ անելու համար, հատկապես՝ հակամարտությունից տուժած շրջաններում», – հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, միաժամանակ ընդգծելով՝ հնարավոր բոլոր ծրագրերն ու նախագծերը քննարկվում են մեկ սկզբունքով՝ դրանք պետք է բխեն բոլոր կողմերի շահերից։
 
«Բրյուսելը հանձնառու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են», – ընդգծեց Միության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան գործընկերության ու Ռուսաստանի գծով փոխտնօրեն Լյուկ Դիվինը՝ շարունակելով․ – «Ակնհայտ է, որ իրավիճակը մեծապես գտնվում է զինվորականների ձեռքում, և նրանց, ովքեր զենք ունեն տեղում, այդ պահին՝ դա լոկ Ռուսաստանն է»,- հայտնում է աղբյուրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play