Մեր 180-ամյա Վերքը. Աբովյանական օրեր՝ ՀՀ մարզերում


Մեր 180-ամյա Վերքը. Աբովյանական օրեր՝ ՀՀ մարզերում

  • 05-01-2022 16:52:31   | Հայաստան  |  Մշակույթ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ 2021թվականին Հրազդան, Աբովյան, Գյումրի և Դիլիջան քաղաքներում տեղի ունեցավ «Մեր 180-ամյա Վերքը» խորագրով միջոցառումների շարքը՝ նվիրված մեծանուն Լուսավորչի նշանավոր վեպի ստեղծման 180-ամյա հոբելյանին։ Այս մասին հայտնում են Խ. Աբովյանի տուն-թանգարանից: 
 
Աբովյանական տարին նշանավորվեց տասնյակ հիշարժան ու կարևոր ձեռնարկներով՝ զեկույցներ, դասախոսություններ, թատերականացված ելույթներ, օլիմպիադաներ, շնորհանդեսներ, մասնագիտական քննարկումներ, համերգներ։
 
Տարբեր քաղաքների Աբովյանի անվան փողոցներում կազմակերպվեցին շրջայցեր, հնչեցին հատվածներ Խ․Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից` Սուրեն Քոչարյանի ընթերցմամբ: 
 
Գյումրու Ավ․ Իսահակյանի և Հովհ․Շիրազի տուն-թանգարաններում ներկայացվեց  Գրիգոր Խանջյանի «Վերքի» նկարազարդումների ցուցադրությունը, որին հաջորդեց վեպի նոր հրատարակության շնորհանդեսը, այնուհետև Երևանի և Գյումրու արտիստների մասնակցությամբ համերգային ծրագիրը: Ելույթ ունեցան նշանավոր գրականագետներ և լեզվաբաններ:
 
Գյումրու «Զանան»  մշակութային կենտրոնում գրականագետ Սամվել Մուրադյանը, Արքմենիկ Նիկողոսյանն ու Նարինե Դիլբարյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեցին Հովհաննես Շիրազի և Իսահակյանի կյանքից՝ կապված «Վերքի» ընթերցումների հետ։ 
 
180-ամյա Վերքըի հոբելյանական տարին եզրափակեց Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի ունեցած միջոցառումների շարքով։
 
Ամբողջ տարվա ընթացքում Վերքի պատգամները տարածվեցին ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև ամբողջ հանրապետությունում։
 
Հոբելյանական հանդիսությունների ավարտին Խ․ Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց ու կազմակերպություններն, որոնց ջանքերի շնորհիվ աբովյանական պատգամները տարածվեցին հայրենիքում՝ մասնակից դարձնելով հազարավոր անձանց։
 
«Վերք Հայաստանի» պատմավեպը Խաչատուր Աբովյանիը գրել է 1841 թվականին։ Այն  դասվում է այնպիսի գրական հուշարձանների շարքին, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգությանը»։ 
 
2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Խ. Աբովյանի տուն-թանգարանում նախատեսվում է աննախադեպ ցուցադրություն՝  «Վերք Հայաստանի» վեպի տարբեր տարիների հրատարակությունների։
 
«Մեր 180-ամյա Վերքը» խորագրով հոբելյանական հանդիսությունների շարքն իրականացավ Գյումրու և Դիլիջանի համայնքապետարանների, Կոտայքի մարզպետարանի, «STATIONERY»  ընկերության, «Ոսկենի»  գինեգործարանի, «Զանան»  մշակութային կենտրոնի աջակցությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play