Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ

  • 28-01-2022 10:19:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի հայրենակիցներ, 
 
Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,
 
Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 
 
Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: 
 
Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման: 
 
Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն  այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։
 
2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով: 
 
Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ:  
 
Սիրելի հայրենակիցներ,
 
Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:
 
Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար: 
 
Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:
 
Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:   
 
Աստված պահապան Հայոց բանակին: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play