Ժողովուրդը չի ուզում ցեխից դուրս գալ ու հայտնվել ցեխաջրում


Ժողովուրդը չի ուզում ցեխից դուրս գալ ու հայտնվել ցեխաջրում

  • 09-05-2022 16:10:07   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Ընդդիմությունն իր բոլոր ռեսուրսները կներդնի` այսօր մարդաշատ հանրահավաք անցկացնելու համար։ Ընդդիմության համար սկզբունքորեն կարեւոր է, որ այս հանրահավաքը` մի շարք բաղադրիչներով, գոնե չզիջի մայիսի 1-ի հանրահավաքին։
 
Բայց շատ ավելի կարեւոր է, թե ինչ է լինելու վաղը, որովհետև շարժումը գտնվում է անկման փուլում ու անցած օրերի սցենարի կրկնությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է` ընդդիմության ռեսուրսների փոշիացման կանխատեսելի վերջաբանով։
 
Պատասխանատու ընդդիմությունն այսօր հարթակում կարող է արձանագրել որոշ հաջողություններ (օրինակ` անցած օրերին ԼՂ խնդրում, հայ- ադրբեջանական դիալոգում պաշտոնական Երեւանի դիրքորոշումներն ավելի հստակ են դարձել, ընդդիմությունը դա կարող է գրանցել իր պայքարի ակտիվում), հրապարակել քաղաքական օրակարգ` իշխանությունից պահանջելով դրա շուրջ քաղաքական դիալոգ։
 
Այսպես կվարվեր ցանկացած պատասխանատու ընդդիմություն, սակայն վստահ չեմ, որ այսօրվա հարթակը նման կատեգորիաներով է առաջնորդվելու։
 
Եթե այսօր վաբանկային տրամաբանությունը շարունակվի, ապա այս գործընթացին սպասվում է մոտավորապես այն վերջաբանը, ինչ տեղի ունեցավ 2020-ի նոյեմբերի 9-ի զարգացումներից հետո, իհարկե` առանց նոր արտահերթ ընտրությունների։
 
Նման կանխատեսման պատճառն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժողովուրդը սիրում է կամ ուզում է պահել։ Ուղղակի, երկրում իշխանափոխություն չի կարող լինել այն պարագայում, երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը։ 
 
Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը հարուստ է, ունի ռեսուրսներ, բայց քաղաքական առումով` անտաղանդ է։ Նման իրավիճակում` ժողովուրդը չի ուզում ցեխից դուրս գալ ու հայտնվել ցեխաջրում»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն