Կրեմլի ապտակը Մակրոնին․ Երկրորդ դեպքը Հայաստանից հետո


Կրեմլի ապտակը Մակրոնին․ Երկրորդ դեպքը Հայաստանից հետո

  • 16-05-2022 13:12:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանն ազգայնացնում է ֆրանսիական Renault ավտոմոբիլային կոնցեռնի ռուսական ակտիվները։ Սա արտասահմանյան ընկերության առաջին ազգայնացումն է Ռուսաստանում։ «Ռենո Ռոսիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը կանցնի Մոսկվայի կառավարությանը։
 
«Օտարերկրյա սեփականատերը որոշել է փակել Մոսկվայի Renault գործարանը: Դա նրա իրավունքն է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հազարավոր աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործարանը վերցնել քաղաքի հաշվեկշռին և վերսկսել մարդատար մեքենաների արտադրությունը «Մոսկվիչ» պատմական բրենդի ներքո», հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
 
Ուկրաինայում պատերազմից ի վեր տասնյակ արտասահմանյան ավտոարտադրող ընկերություններ կանգնեցրել են աշխատանքը եւ հեռացել Ռուսաստանից։ ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ այդ ընկերությունների ակտիվները կարող են ազգայնացվել։ Եվ հատկանշական է, որ գործընթացը սկսում են ֆրանսիական ընկերությունից։
 
Ինչու հատկանշական․ որովհետեւ Ուկրաինայի դեմ պատերազմի նախօրեին եւ հետո Մակրոնը փորձում էր «առանձնահատուկ դեր» ստանձնել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, հաշտության հասնելու համար։ Մակրոնը 20 անգամ զանգահարել է Պուտինին, ու ամեն անգամ Ելիսեյան պալատը հայտնում էր նախագահի «հետզանգային շոկի» մասին։ Մակրոնի այդ զանգերը դարձել էին միջազգային մեմ։ Ինչպես հետագայում պարզ դարձավ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի բացահայտումից՝ Մակրոնը համոզում էր ճանաչել պատերազմի արդյունքները, որպեսզի Պուտինն ավելի ագրեսիվ չդառնա, հանուն Պուտինի դեմքը պահելու՝ համաձայնել տարածքների կորստի հետ։
 
Թե ինչպիսի մեքենա էր Մոսկվիչը՝ ավագ սերունդը լավ կհիշի։ Մյուս կողմից, Մոսկվիչը Ռուսաստանի համար դառնում է քաղաքական գործիք արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն կիրառվեց Հայաստանի դեմ, երբ խոսակցություններ եղան, որ ամերիկյան Ջեներալ Մոթորսը Հայաստանում կարող է գործունեություն սկսել։ Այն ժամանակ Երեւան սլացավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը, ով տնօրինում էր Մոսկվիչ գործարանը, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանագիր ստորագրեց Մոսկվիչի արտադրություն սկսելու մասին։ Մոսկվիչ բնականաբար չարտադրվեց, եւ խնդիրն արտադրությունն էլ չէր՝ խնդիրը Ջեներալ Մոթորսի մուտքը թույլ չտալն էր։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play