Երևանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը. շրջափակվել է ՀՀ նախագահի նստավայրը, սկսվել է հրմշտոց, բախում


Երևանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը. շրջափակվել է ՀՀ նախագահի նստավայրը, սկսվել է հրմշտոց, բախում

  • 25-05-2022 09:54:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ քաղաքական ընդդիմության նախաձեռնած «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր վաղ առավոտից կրկին սկսել են անհնազանդության գործողությունները Երևանում: Նրանք նախ դուրս եկան երթի, այնուհետ երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասավ ՀՀ նախագահի նստավայր, որտեղ էլ շարժման անդամները հայտարարեցին, որ պետք է շրջափակել շենքը:
 
 
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին հայտարարեց, որ պետք է փակվեն նախագահական նստավայրի բոլոր մուտքերը՝ աշխատակիցների շենք մուտք գործելը խոչընդոտելու համար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտնեց, որ շարժումն ամեն օր պատրաստվում է պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել։
 
Նախագահական նստավայրի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են տեղակայված, իրավիճակը լարվեց, ցուցարարների ևոստիկանության աշխատակիցների միջև եղավ բախում, հրմշտոց սկսվեց: Ոստիկանական լրացուցիչ ուժեր բերվեցին նախագահական նստավայրի մոտ:
 
Բարձրանալով ՀՀ ոստիկանության՝ ծառայության մեջ գտնվող մեքենաներից մեկի վրա, Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հանդարտության կոչ էր անում ցույցի մասնակիցներին:
 
Նշենք, որ այսօրվա գործողություններին մասնակցում են ՀՀ քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր անդամները,  երթն առաջնորդում էին Լևոն Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, ցուցարարների շարքերում են նաև նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, ՀՀԿ կուսակցության գրեթե բոլոր կարկառուն ներկայացուցիչները:
 
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման անդամները շրջափակել էին ԱԳՆ  մուտքերը և դրանք փակ պահել որոշ ժամանակ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը