Պուտինը, Տոկաևը և «ռուսական աշխարհի» փլուզումը


Պուտինը, Տոկաևը և «ռուսական աշխարհի» փլուզումը

  • 22-06-2022 11:23:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանը նախ նվազեցրել, ապա ամբողջությամբ դադարեցրել է ղազախական նավթի առաքումը Նովոռոսիյսկի Կասպյան խողովակաշարի կոնսորցիումով, հաղորդում են լրատվամիջոցները: Դիտորդները նշում են, որ Ղազախստանից նավթի տարանցման հետ կապված դժվարությունները առաջացել են հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ելույթից անմիջապես հետո, որտեղ նա «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն անվանել է քվազիպետական սուբյեկտներ, գրում է Ամերիկայի ձայնը:
 
Ղազախստանի ղեկավարի խոսքով, եթե ամբողջ աշխարհում իրացվի ազգային ինքնորոշման իրավունքը, ապա ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների փոխարեն կհայտնվեն ավելի քան 500 պետություններ. «Իհարկե, քաոս է լինելու»,- հավելել է նա։ «Այդ պատճառով էլ մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, և ոչ էլ Աբխազիան»։
 
Այս ամենին ականատես է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նույնպես ներկա էր լիագումար նիստին։ Սակայն, այս հարցի հետ կապված, նա հրապարակային քննարկման մեջ չի մտել։
 
«Կարծում եմ, որ հակամարտությունն ապագայում միայն կխորանա»
 
Սա հրապարակային ապտակ է Պուտինին, «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ Իվան Պրեոբրաժենսկին՝ գնահատելով Տոկաևի հայտարարությունը։ Նրան թվում է, որ ըստ երևույթին, Սանկտ Պետերբուրգում Ղազախստանի ղեկավարից ակնկալվում էր խուսափել Մոսկվայի համար տհաճ բոլոր թեմաներից։
 
«Մոսկվան այժմ Տոկաևից պահանջում է Ղազախստանը դարձնել այն, ինչ նախկինում եղել է Բելառուսը՝ մի երկիր, որի միջոցով Ռուսաստանը կշրջանցի պատժամիջոցները»,- պարզաբանում է Իվան Պրեոբրաժենսկին: «Սակայն, ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի տնտեսությունն ուղղված է դեպի համաշխարհային տնտեսություն՝ Եվրամիություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, և Թուրքիա։ Ռուսաստանը իհարկե շատ մեծ գործընկեր է Ղազախստանի համար, բայց Արևմուտքն ընդհանուր առմամբ ավելի մեծ է, և երկիրը չի պատրաստվում կորցնել դա։ Այդ պատճառով էլ, հասկանալով Ռուսաստանի իրավիճակի բարդությունը, Տոկաևը հավատարիմ է իր սկզբունքային դիրքորոշմանը, բացահայտորեն հայտարարելով, որ Մոսկվան չէ կարող իրեն թելադրել, թե ինչ անել»։
 
Մինչդեռ Ռուսաստանը անհետևանք չի թողել Տոկաևի հայտարարությունը, ընդգծել է քաղաքական դիտորդը՝ անդրադառնալով Նովոռոսիյսկ նավահանգստի տերմինալում ղազախական նավթի տարանցման դադարեցմանը։ «Կարծում եմ, որ Մոսկվան աստիճանաբար կձեռնարկի ճնշման այլ միջոցներ։ Սա նման է տնտեսական պատերազմ սկսելուն, այդ պատճառով էլ կարծում եմ, որ հակամարտությունն ապագայում միայն կխորանա»,- ամփոփել է Իվան Պրեոբրաժենսկին։
 
«Պուտինը ցնցվել էր Տոկաևի ելույթից»
 
Քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինի կարծիքով, Տոկաևի հրապարակային հայտարարությունը վնասում է Պուտինի ռազմավարությանը Ուկրաինայի նկատմամբ։
 
«Նրանք, ովքեր ներկա են գտնվել մասնավոր զրույցին, ասում են, որ Պուտինը ցնցվել էր Տոկաևի ելույթից», – հավելել է «Ամերիկայի ձայն»-ի զրուցակիցը։ «Նա կտրուկ շրջվել էր խոսակցից, Ղազախստանի ղեկավարի ուղերձը հասցնելով իր նպատակին: Բնականաբար, այս պատմությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել, սակայն դա ոչինչ չի փոխում։»
 
Դմիտրի Օրեշկինը կարծում է, որ Տոկաևն իր հայտարարությամբ ցանկացել է ընդգծել, որ Ղազախստանն ինքնիշխան պետություն է։ Ըստ քաղաքագետի՝ Ղազախստանը բավականին բազմաբևեռ քաղաքականություն ունի, որի նպատակն է «Չինաստանի հետ պահպանել հիանալի հարաբերություններ, գուցե նույնիսկ ավելի լավ, քան Մոսկվայի», – շարունակում է նա։ -«Ինչպես նաև բավականին լավ հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ և չափավոր նորմալ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Տոկաևը գիտակցում է, որ Պուտինի կողմից Ղազախստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը հիմա լիովին անհնար է: Կրեմլը չի կարող միանգամից երկու պատերազմ մղել»:
 
Միևնույն ժամանակ, քաղաքագետը չի բացառում, որ Պուտինը դեռ կարող է ինչ որ «կեղտոտ հնարք» կազմակերպել Տոկաևի դեմ.
 
«Հիշեցնեմ, որ Սանկտ Պետերբուրգի ֆորումում Տոկաևը Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ին և ոչ թե ռուսական զորքերին: Նա այդպես հասկացրել է, որ այնքան էլ երախտապարտ չէ Պուտինին: Կրեմլի հայեցակարգերի համաձայն սա համարվում է դավաճանություն, իսկ արտաքին դիտորդների համար՝ նշան, որ Պուտինի տարբերակով «ռուսական աշխարհի» փլուզումը մոտ է: Կրեմլը արդեն չորս ամիս է չի կարողանում Մինսկին համոզել ռազմական գործողություններ սկսել, չնայած նրան, որ Լուկաշենկոն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քան Տոկաևը»։
 
Մի խոսքով, հետխորհրդային տարածքում Պուտինին արդեն ոչ ոք չի ենթարկվում, և նրա համար դա մեծ աղետ է, եզրափակել է Դմիտրի Օրեշկինը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play