Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել


Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել

  • 26-09-2022 13:26:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են: Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացավ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն:
 
Իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։ Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։
 
Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։
 
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չհասցրեց լքել երկիրը։ Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն