Առաջին քայլով ՀԱՊԿ կոչված ախոռից Հայաստանը պետք է դուրս գա․ Ռուբեն Մեհրաբյան


Առաջին քայլով ՀԱՊԿ կոչված ախոռից Հայաստանը պետք է դուրս գա․ Ռուբեն Մեհրաբյան

  • 26-09-2022 19:59:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա կոնսոլիդացված ճնշումները չեն աշխատելու, քանի որ Ռուսաստանի դաշնակցին չեն օգնում։ Այս մասին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ «Դուրս ՀԱՊԿ-ից» խորագրով ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
 
Նա նշեց՝ Հայաստանն ունի կորցրած տարածք, ի՞նչ են մտածում այդ մասին մեր «դաշնակիցները»։ «Ոչինչ, չեն մտածում, ավելին, ասում են՝ դելիմիտացիա-դեմարկացիա չեք արել, դեռ հայտնի չէ՝ ձեր սահմանը խախտված է, թե ոչ։ Եթե սա ցինիզմ չէ, ապա ի՞նչ է ցինիզմը։ Սա մի անդունդ է, որը վերջ չունի։ Այլևս անցել է ժամանակը, երբ մեր շահերից բխող որևէ քայլ կարող է կոչվել կամ պետք է կոչվի հակառուսական է սա, թե՞ պրոռուսական, հակաարևմտյան է, թե՞ պրոարևմտյան։ Այդ չափանիշները մոռանում ենք և շպրտում ենք պատմության աղբանոցը, ով ինչ ուզում է, թող մտածի։ Չափանիշը մեկն է՝ դա բխում է ՀՀ շահերից, թե՞ չի բխում։
 
Եվ ուրեմն, ի՞նչ գործիքներ ունի Հայաստանը դիմագրավելու այս ագրեսիային, գոյաբանական սպառնալիքին, որը կախված է մեր պետության գլխին։ Այդ գործիքները երեքն են, առաջինը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հանրության ճնշումների կոնսոլիդացիա՝ հիմնված միջազգային իրավունքի և ՀՀ՝ որպես սուվերեն, միջազգայնորեն ճանաչված պետության իրավունքների վրա։ Երկրորդ գործիքը մեր բանակի շուտափույթ զինումն է, արդիականացումը և ի ցույց դնելը, որ բռնությանը դուք կստանաք ուժային պատասխան։ Եվ երրորդը՝ այս բանակցային գործընթացը, որը Ռուսաստանը փորձում է վերցնել իր ձեռքը, դա տանում է մի արդյունքի, որը լինելու է մեր հաշվին, մեր երկրի տարածքի, մեր անկախության, մեր ազատությունների, ժողովրդավարության, մեր պետականության հաշվին։ Ռուսաստանի համար հայկական պետականության գոյությունը վիրավորանք է։ Այս երեք գործիքներն աշխատեցնելու համար կա մեկ խոչընդոտ՝ այսօրվա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վիճակը»,- հայտարարեց Մեհրաբյանը։
 
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ճահիճը, որի մեջ մտել ենք, այնքան խորն է, որ մեկ քայլանի գործողություն չի ենթադրում։ Մի քանի քայլեր պետք է արվեն, դրանցից առաջինը հետևյալն է՝ ՀԱՊԿ կոչված ախոռից Հայաստանը պետք է դուրս գա։ «Այսօր Հայաստանի վարչապետն ասում է՝ կան երկրներ, որոնք պատրաստ են մեզ զինել և կան երկրներ, որոնք չեն ուզում, որ այդ պատրաստ երկրները մեզ զինեն։ Հիմա հարց եմ տալիս՝ դուք ո՞ւմ շունն եք, որ թույլ տաք մենք զինվենք, թե չզինվենք։ Այստեղ է, որ պետք է դրսևորվի և քաղաքական կամք, և վճռականություն, և բացառապես սեփական շահերի հետապնդում։ Քանի մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, մեզ քոռ պատրոն չեն տալու, մոռացեք։ Կկարեկցեն, հումանիտար օգնություն կտան, մի քիչ էլ կարող է փող տան, որ սոված չմնանք, բայց զենք չեն տա։ Այսօր համաշխարհային չարիքի դաշնակցին չեն զինում, ո՞նց բացատրեմ»,- ասաց նա։
 
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ եթե ռուսական խորհրդատվությամբ իրականացվի սահմանազատում-սահմանագծում, ինչպես Պուտինն է ասում, դա նշանակում է, որ երբ Ռուսաստանն ուզենա, Հայաստան-Ադրբեջան սահմանի ամեն կիլոմետրը դառնալու է կրիզիսի օջախ։ «Ադրբեջանը սարքել է մի դագանակ ու խփում է մեր գլխին ամեն անգամ։ Ուրեմն, այս հարցերը ոչ թե լուծվում են Ռուսաստանի հետ, Ռուսաստանի միջնորդությամբ, այլ առանց Ռուսաստանի, ի հեճուկս Ռուսաստանի և քաղաքականապես ի հաշիվ Ռուսստանից։ Եվ ուրեմն, դուրս ՀԱՊԿ-ից հենց հիմա։ Սա գործընթաց է, որը տևելու է մոտ 6 ամիս, և դրա սկզբի մասին պետք է հայտարարվի այսօր՝ ՀՀ ԱԳՆ շենքում»,- հավելեց նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play