Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում


Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում

  • 28-09-2022 13:54:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետեւանքով աշխարհաքաղաքական գործընթացները թեւակոխեցին մի նոր ակտիվ փուլ։ Տարածաշրջանային այս գործընթացի առաջնորդությունն իրենց վրա վերցրին Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները՝ կատարելով հետեւողական հայտարարություններ, հստակ եւ անվանական ձեւակերպումներ։ Այս գործընթացում Իրանը համակարգված մեծացնում է իր տարածաշրջանային ազդեցությունը՝ վերադառնալով պատմական ազդեցության գոտի, որը կորցրել էր 19-րդ դարում։
 
Թերեւս, այս ամենի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը կամա թե ակամա ներքաշվել է հորիզոնական առեւտրային երթուղի (Չինաստանից դեպի Եվրոպա)։ Սրա իրականացման նպատակով Ադրբեջանը դեռեւս անցյալ տարվանից տեղային զավթումներ է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքում։ Դրա վառ օրինակներից է Սեւ լճի, Արցախում՝ Խրամորթի, Փառուխի, Քարագլխի, Աղավնոյի եւ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի որոշ տարածքների գրավումը։ Սա սպառնում է Երեւանի ինքնիշխանությանը եւ հղի է Արցախի շրջափակման վտանգով։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում Իրանն սկսել է ավելի մեծ ակտիվությամբ խոսել Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
 
Պաշտոնական կոշտ հայտարարություններ արվեցին նաեւ միջազգային մակարդակով։ Հարկ է նշել, որ Իրանը նաեւ զգուշացումներով էր հանդես գալիս Արցախի օկուպացված տարածքներում ահաբեկիչների վերաբերյալ, չնայած իրականում ահաբեկչական այդ խմբերն ակնառու սպառնալիք չեն Իրանի համար։ Այնուամենայնիվ, Իրանը հաշվի է առնում այն կարեւոր հանգամանքը, որ ահաբեկիչները տեղավորվել են Արցախա-իրանական սահմանին իրավիճակը լարելու նպատակով։ Այսպիսով, ինչպես վերջին դեպքերն են վկայում, Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն իր կորացած մեջքով հայտնվել է ակտիվ դերակատարների պայքարի հորձանուտում, ինչը մեզ թույլ չի տալիս վերաիմաստավորել մեր նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի տարածաշրջանի մեկ այլ կարեւոր դերակատար Ռուսաստանն այս հորիզոնական կապերի վերաբերյալ։ Ակնհայտորեն Ռուսաստանի շահերից չի բխում հորիզոնական երթուղու իրականացումը, այդ պատճառով ամեն գնով փորձում է հասնել նրան, որ Հայաստանի սահմանով անցնող առեւտրային ուղիները գործարկվեն միայն իր վերահսկողության ներքո։
 
Մոսկվային ավելի ձեռնտու է ուղղահայաց երթուղին, սակայն այս պարագայում էլ Վրաստանն է խոչընդոտում։ Ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակից կարող ենք եզրակացնել, որ մոտ ապագայում դրանք բարելավվելու միտումներ չունեն։ Սրան զուգահեռ՝ իրավիճակն ավելի է սրվում ռուս-ուկրաինական ճակատում։ Աշխարհաքաղաքական դիրքավորումների այս հորձանուտում իր բազկի ուժով կայունություն է ապահովում հայ զինվորը՝ խափանելով նենգ թշնամու ցանկացած դավադրություն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ 
 
Մարիամ Ավագյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը