Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին


Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

  • 04-10-2022 14:13:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Դեսպանը շնորհավորել է Աննա Վարդապետյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունը կամրապնդվի և շարունակական բնույթ կկրի:
 
Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և խնդրել իր բարեմաղթանքները փոխանցել ռուս գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ընդգծելով, որ պատրաստակամ է առավելագույն ջանք ներդնե երկու կառույցների միջև ստեղծված գործընկերային և վստահելի հարաբերությունները որակապես նոր հարթություն տեղափոխելու համար:
 
Նախքան համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
 
Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: 
 
Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play