Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել


Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

  • 06-10-2022 20:37:27   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը:
 
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկվել են Հայաստան-ԵՄ օրակարգային կարևոր հարցեր՝ ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։
 
Կողմերը քննարկել են Հայաստանում և Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը։
 
Արա Մարգարյանը և Գեորգի Քոչարյանը չեխ գործընկերներին են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների դատապարտմանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play