Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցնում է ինտերվենցիաները<br /> արտարժույթի շուկայում<br />


Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցնում է ինտերվենցիաները
արտարժույթի շուկայում

  • 03-03-2009 13:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 3-ից դադարեցնում է ինտերվենցիաները արտարժույթի շուկայում եւ վերադառնում ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության: Ինչպես նույն օրվա ասուլիսում հայտնեց ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը, դրանով դոլարի փոխարժեքը կգտնի իր հավասարակշիռ մեծությունը, ինչը կնպաստի երկրում տնտեսական ակտիվության աճին, աշխատատեղերի ավելացմանը եւ հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը: Համաձայն ԿԲ-ի գնահատականի, 2009թ.-ի համար ԱՄՆ դոլարի հավասարակշիռ փոխարժեքը Հայաստանում կկազմի 360-380 դրամ: Ըստ Ա.Ջավադյանի կանխատեսման, հնարավոր է, որ արտարժույթի շուկայում արդեն առաջիկա երկու օրերին դոլարի փոխարժեքը հասնի այդ մեծություններին: Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ այժմ ԿԲ-ի քաղաքականությունը միտված էր երկրում ֆինանսական կայունության ապահովմանը: Վերջին 3 ամիսների ընթացքում բանկերի կապիտալը ավելացել է 40 մլրդ դրամով, եւ նրանք ձեռք են բերել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Ա.Ջավադյանի խոսքերով, դա նշանակում է, որ բանկերի ֆինանսական վիճակը ներկայումս շատ կայուն է, եւ նրանք կարող են դիմակայել տնտեսական ճգնաժամին: ԿԲ-ն միաժամանակ ակնկալում է, որ լողացող փոխարժեքին անցումը կարող է առաջացնել գների աճ: Այդ պատճառով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1 տոկոսային կետով եւ հաստատվել է 7,75 տոկոս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play