Ֆրանսիան մերժել է Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին


Ֆրանսիան մերժել է Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին

  • 22-11-2022 15:54:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիայի դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
Դատախազությունից նշեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով( պաշտոնեական լիազորություններն անցնելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիքին հանցակցելը) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(յուրացմանը կամ վատնմանը հանցակցելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում:
 
«Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ:
 
Այս կապակցությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ստացվել է գրություն այն մասին, որ 2022 թվականի հունիսի 6-ին  կայացրած որոշման համաձայն՝ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին արտահանձնելու դիմումի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ 1957 թվականի դեկտեմբերի 13-ի Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահման համաձայն՝ շահագրգիռ անձի արտահանձնումը վերջինիս համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play