Էսքան մարդու սոված թողել պետք չէ. ո ՞ ր դեպքում չի փակվի «Մալաթիա» առևտրի կենտրոնը


Էսքան մարդու սոված թողել պետք չէ. ո ՞ ր դեպքում չի փակվի «Մալաթիա» առևտրի կենտրոնը

  • 30-01-2023 20:29:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Մալաթիա» տոնավաճառում այսօր էլ աշխատում են հնարավորինս արագ վերացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրած թերությունները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
 
«Մենք հիմա տոնավաճառում ենք, ուղղումներ ենք անում, վինտիլները հիմա վերևից իջեցնում ենք ներքև, առայժմ դրանք ենք փոխում՝ ծխահեռացման համար, որն ամբողջ հանրապետությունում ոչ ոք չունի, պայմանագիր եմ կապում, որ գան, սկսեն աշխատել, բայց դա երկար ժամանակ է պահանջում»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Ավետիսյանը։
 
Տոնավաճատի տնօրենի խոսքով՝ արդեն քանի օր է՝ տարածքի ավելի քան 500 վարձակալները բարձրանում են իր մոտ, տեղեկացնում, որ ուզում են դուրս գալ փողոց, հանրահավաք անել ու պահանջել, որ տոնավաճառի գործունեությունը չդադարեցվի, բայց Ավետիսյանը չի համաձայնում, ասում է՝ աշխատեք մինչև վերջին օրը, երբ փակեն միասին կորոշենք մեր հետագա անելիքները։
 
«Ասում եմ՝ համբերեք էրեխեք ջան, ինչքան հնարավոր է ձեզ համար անել, անում եմ, չէ՞։ Վերևն Աստված կա, մենք էլ աստվածահավատ ենք, էսքան մարդու սոված թողել պետք չէ, երևի իրանք էլ վերջիվերջո մտածեն, որ էս ինչ ենք անում, այ մարդ։ Եթե որոշեն դուրս գալ, ես իրենց կողքին կլինեմ, այն ժամանակ ամեն ինչ կասեմ, եթե դուրս չեկան, համաձայնեցին փակելուն, կփակենք, կվերացնենք, ինչ ա եղել»,- ասաց Ավետիսյանը։
 
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տոնավաճառի գործունեության դադարեցման որոշումը կայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։
 
Տեղեկատվության ազատության պատասխանատու, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ տոնավաճառի տնօրինությունը դիմել է վերահսկող մարմնին և ժամանակ խնդրել՝ հայտնաբերված խախտումները շտկելու համար։ Կրկնակի այցի ժամանակ մասնագետները պարզել են, որ տարածքում ամբողջությամբ վերացված չեն հրդեհային անվտանգության կանոնների խախտումներն և առկա է հրդեհի առաջացման վտանգ և անմիջական և իրական սպառնալիք մարդկանց և շրջակա միջավայրի համար, որոշել են կառույցի գործունեության դադարեցման որոշումը թողնել անփոփոխ։ Զոհրաբյանը հավաստիացնում է, որ կատարված աշխատանքների մի մասը չի համապատասխանում պահանջվող նորմերին, մի մասը չի կատարվել, մի մասն էլ՝ մասնակի է կատարվել։
 
«Շենք-շինությունների միջանցքներում հակածխային պաշտպանության համակարգ չկա, օդափոխիչ համակարգերը չեն համապատասխանում պահանջվող նորմերին, ֆիկտիվ ինչ-որ բան են ամրացրել։
 
Դուք գնում եք, տնօրենը 2 հատ խողովակ է ցույց տալիս, ասում է՝ հեսա անցկացված է, ինձնից ինչ են ուզում, էդպես ասելով չէ, կա սահմանված նորմ, կա կառավարության որոշում։ Այդ մարդն ուզում է 30 տարի առաջվա առևտրի կենտրոնը աշխատացնել առանց պահանջվող նորմերի համապատասխանեցման։ Եթե հրդեհ ասելու են՝ տեսչական մարմին, բա որ գնացիր, տեսար, արձանագրեցիր, ինչու թողեցիր, որ աշխատեն»,- ի պատասխան տոնավաճառի տնօրինության հայտարարությունների տեսչական մարմնի պատասխանատուն։
 
Զոհրաբյանն ասում է նույն խնդիրն առկա էր նաև «Փեթակ» առևտրի կենտրոնում, որի տնօրինությունը սեղմ ժամկետներում, անգամ գիշերները աշխատելու արդյունքում, կարողացավ վերացնել ամենավտանգավոր խախտումներն ու շարունակել գործունեությունը։ Զոհրաբյանի համար անհասկանալի է, թե ինչու «Մալաթիա»-ի ղեկավարությունը, որ 1.5 տարի ժամանակ ուներ, խնդրի լուծմամբ չի զբաղվել, և հիմա միայն, երբ որոշվել է տոնավաճառի գործունեությունը դադարեցնել, ժամանակ է խնդրում խախտումները վերացնելու համար։ Նրա խոսքով՝ որքան արագ և մեծ ծավալներով իրականացվեն այդ աշխատանքներն ու համապատասխանեցվեն նորմերին, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի որոշումն ու կբացվի տոնավաճառը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play