Մենք սխալ չենք արել, ակնկալում ենք ազնվություն. Իրանում մեկնաբանել են՝ ինչու է Բաքվում իրենց դեսպանը հրավիրվել ԱԳՆ


Մենք սխալ չենք արել, ակնկալում ենք ազնվություն. Իրանում մեկնաբանել են՝ ինչու է Բաքվում իրենց դեսպանը հրավիրվել ԱԳՆ

  • 13-03-2023 15:43:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հրավերը երկրի ԱԳՆ։
 
Նա նշել է, որ դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ կապված է եղել Իրանի տարածքում ինքնաթիռի թռիչքի հետ։
 
«Դա կանոնավոր չվերթ էր, որն իրականացվում է Իրանի սահմանամերձ շրջաններում և Իրանի տարածքում մոնիտորինգի շրջանակներում։ Նման թռիչքներ նախկինում արդեն իրականացվել են։ Թռիչքն իրականացվել է Իրանի օդային տարածքում Ադրբեջանի սահմանից բավական հեռավորության վրա և սովորաբար այն իրավիճակներում, երբ տեղի է ունենում տեխնիկական սխալ, ռադարներն ու պաշտպանական ցանցերը տալիս են անհրաժեշտ նախազգուշացումները։ Այս թռիչքի հետ կապված Իրանին ռադարային նախազգուշացումներ չեն եղել, ինչը նշանակում է, որ սխալ չի եղել»,- ընդգծել է Քանանին։
 
Նա հավելել է, որ Իրանը պաշտպանության ոլորտում հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, գործում է դեսպանատունը, կա ՊՆ կցորդ, եթե Բաքուն բարի կամք ունենար այս հարցում, ապա հարցը կարող էր լուծվել երկրի դեսպանատան հետ՝ ՊՆ կցորդի ներկայությամբ:
 
«Այդ իսկ պատճառով մենք չենք կարող մեկնաբանել Ադրբեջանի գործողությունները, որը դեսպանին հրավիրել էր ԱԳՆ և հրապարակել այս թեման։ Մենք Ադրբեջանի հետ հարևաններ ենք,ունենք պատմական կապեր, և ակնկալում ենք ազնիվ համագործակցություն և նման մասնագիտացված թեմաների քննարկում և լուծում մասնագիտացված շրջանակներում։ Մենք բազմիցս ընդգծել ենք և ևս մեկ անգամ շեշտում ենք, որ վիճահարույց թեմաների քննարկումը ԶԼՄ-ներում և տրիբունաների հետևից չի նպաստի խնդրի լուծմանը և ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,- ասել է Քանանին։
 
Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսևին շաբաթ օրը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ երկու երկրների պետական սահմանի մոտ տեղի ունեցած սադրանքի հետ կապված։
 
Այս հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն է արվել Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում։
 
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից 10:26-ը շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով: Ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պետական սահմանի վրայով։
 
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը երկու երկրների պետական սահմանին և թռիչքը սահմանի վրայով, հակասում է հարևան պետությանը պետությանը ռազմական ինքնաթիռների մոտենալու մասին միջազգայնորեն ընդունված պրակտիկային: 
 
Ադրբեջանի  տարածքների մոտ ռազմական ինքնաթիռի ավելի քան կես ժամ թռիչքը սադրանք է և ոչ բարյացակամ պահվածք Ադրբեջանի նկատմամբ. Հիշեցնենք, որ անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել նաեւ Արազ գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանների մոտ։
 
Մենք վճռականորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար և կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ գործողություններից։
 
Մարտի 11-ին ԱՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, և նրան բողոքի նոտա է տրվել»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 
Հավելենք՝ ադրբեջանական տարածքներ ասելով ադրբեջանական կողմը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք օկուպացրել է, մասնավորապես՝ Կովսականի շրջանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play