Գեղամ Նազարյանը և Արծվիկ Մինասյանը մոտեցան ինձ, ասացին՝ Սահակյանից նման բան չէին սպասում, պատժելու են․ Վարդանյան


Գեղամ Նազարյանը և Արծվիկ Մինասյանը մոտեցան ինձ, ասացին՝ Սահակյանից նման բան չէին սպասում, պատժելու են․ Վարդանյան

  • 31-03-2023 20:46:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այսօր հանձնաժողովի փակ նիստում դաշնակցական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, նշեց՝ մինչև միջադեպը, բովանդակային քննարկում է տեղի ունեցել։ Ընդդիմադիր պատգամավորները նիստի ընթացքում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, հետո նրանք տեղափոխվել են էմոցիոնալ դաշտ:
 
«Քննարկման ժամանակ որևիցե արտահայտություն, որ կվիրավորեր ինչ-որ մեկին, չի հնչել։ Ես ինձ թույլ չեմ տվել։ Իմ կանոններն են՝ չվիրավորել և թույլ չտալ ինչ-որ մեկին վիրավորել։ Սա խորհրդարան է, բոլորը պետք է հարգեն միմյանց։ Սահակյանը պարզապես թույլ տվեց իրեն այնպես գրգռվել, որ սա խոսում է որոշակի վերաբերմունքի մասին։ Ես նախահարձակ չեմ եղել»,- ասաց նա։
 
Վարդանյանի խոսքով՝ միջադեպից հետո թե՛ Գեղամ Նազարյանը, թե՛ Արծվիկ Մինասյանը մոտեցել են իրեն, նշել՝ Սահակյանից այդպիսի բան չէին սպասում, պատժելու են․ «Ասում էին՝ «շատ վատ բան ստացվեց, ինչի նման բան արեց։ Ինքը պետք է պատժվի»: Փոխարենը մամուլում տեսնում ենք տարատեսակ մեկնաբանություններ, որ ես եմ եղել նախահարձակ։ Երկուսնն էլ փորձում էին հանդարտեցնել իրավիճակը մտերմիկ ձևով։ Հիմա այլ բան եմ տեսնում։ Եթե պարոն Սահակյանը փորձում էր ինքնապաշտպանվել, ինչո՞ւ էր սողոսկում»:
 
Վարդանյանը մի քանի անգամ մոտեցել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին և խնդրել կարգի բերել հանձնաժողովի նոր անդամի վարքագիծը․ «Մինչև հարձակումը բովանդակային քննարկում էր գնում։ Ավարտվեց, սկսեցին առաջ բերել էմոցիոնալ ֆոն։ Ես կանգնել եմ ոտքի ու ասել՝ եթե շարունակեց, այսպես առաջ չենք գնա, խնդրում եմ անցնենք բովանդակային քննարկման։ Ինքը սկսեց ինձ դիտողություններ անել՝ «մեր հետ այդպես չի կարելի խոսել»»:
 
Ըստ Վարդանյանի՝ նիստի ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր, որոնք պետք չէ, որ ադրբեջանական կամ թուրքական կողմը տեղեկանա։
 
«Ինչպես այս կարգի վարքագիծը կարելի է հանդուրժել Ազգային ժողովում։ Այս միջադեպից ես չեմ շեղվելու, առաջ եմ գնալու։ Նման վարքագծեր առաջ են գալիս, երբ քննարկվում են ապօրինի գույքին վերաբերող հարցեր, քաղաքական որոշակի գործընթացներ, բարեփոխումներ, որոնք կապված են ապօրինի գույքի հետ։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, նման բաներով ինձ չեք վախեցնի»,- հավելեց պատգամավորը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play