Անկարան բացատրեց՝ ինչու է օդային տարածքը փակել Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար


Անկարան բացատրեց՝ ինչու է օդային տարածքը փակել Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար

  • 03-05-2023 13:20:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
 
«Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները շարունակվում են [Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ]: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք», - ասել Չավուշօղլուն՝ անդրադառնալով մասնավորապես Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը:
 
«Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է», - NTV-ին ասել է Չավուշօղլուն՝ շարունակելով. - «Ես դա չեմ կարող ընդունել: Հայաստանի հայտարարություններն այս հարցում նույնպես անկեղծ չեն, մենք որպես համարժեք պատասխան փակեցինք օդային տարածքը, անհրաժեշտության դեպքում կարող ենք այլ քայլեր ձեռնարկել»։
 
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի «Թուրքիային խաբելու փորձերը»։ Թուրք նախարարը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին թույլ է տրվել օգտվել Թուրքիայի օդային տարածքից, որովհետև Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է։
 
Հայաստանի մայրաքաղաքի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։ Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
 
Պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play