Ալիևը խոսել է Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա լարվածությունների մասին


Ալիևը խոսել է Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա լարվածությունների մասին

  • 04-05-2023 12:46:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենացածր մակարդակի վրա։
 
«Շատ դժվար է կանխատեսել երկու երկրների միջև ապագա հարաբերությունները»,- ասել է Ալիևը երեկ՝ օկուպացված Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովի ժամանակ:
 
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վատթարացել են 2022 թվականից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, ասել է, որ Իրանի իշխանությունները նպատակաուղղված քայլեր ու գործողություններ են ձեռնարկում, որոնք կհանգեցնեն երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։
 
2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել, որը Բաքուն որակել է որպես ահաբեկչություն և դրա համար մեղադրել Իրանի հատուկ ծառայություններին։ Այս միջադեպից հետո Ադրբեջանի իշխանությունները տարհանել են Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին, ներկայում Իրանում միայն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունն է աշխատում։
 
2023 թվականի սկզբին Իրանի իշխանությունները լայնածավալ զորավարժություններ կազմակերպեցին Ադրբեջանի հետ սահմանին, ինչը Բաքուն համարեց ոչ բարեկամական քայլ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների սրմանը։ Բացի այդ, Բաքուն Թեհրանին մեղադրում է Երևանի հետ սերտ շփումների համար՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
 
Ապրիլի սկզբին Բաքվում Իրանի դեսպանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքել էին իրանական լրատվամիջոցներում հակաադրբեջանական արշավի հետ կապված։
 
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են Իրանի հատուկ ծառայություններին այս տարվա մարտի վերջին Բաքվի արվարձանում գտնվող նրա տան մոտ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ զինված մահափորձ կազմակերպելու համար։
 
2023 թվականի սկզբից Ադրբեջանի իրավապահ մարմինները մի շարք գործողություններ են իրականացրել՝ ձերբակալելու իրանական լրտեսական ցանցում ներգրավված և իբր հակաադրբեջանական գործողություններ իրականացնող անձանց։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play