Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում․ Ալեն Սիմոնյան


Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում․ Ալեն Սիմոնյան

  • 04-05-2023 20:10:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում։
 
Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում կայացող ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում․
 
«Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:
 
2021 թվականին, այնուհետեւ` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով` ներխուժելով եւ գրավելով մեր ինքնիշխան տարածքները:
 
Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթեւեկության համար:
 
Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:
 
Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:
 
Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար:
 
Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
 
Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, եւ ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին:
 
Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության եւ մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ եւ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play