Վարչապետը չի բացառում, որ ՀՀ-ն կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ


Վարչապետը չի բացառում, որ ՀՀ-ն կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ

  • 22-05-2023 14:30:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունց, այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։
 
««ՀԱՊԿ-ից դուրս գալ» ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Եվ չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը հիշեցրեց նաև, որ անընդհատ խոսվում է՝ մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, և որ այդ մասին նաև թափանցիկ խոսվում է։
 
«Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։
 
Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ հնարավորություններ չի ունեցե՞լ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, այդ հնարավորությունը եղել է, և այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դե, դուք ՀԱՊԿ անդամ եք, ինչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց վարչապետը։
 
Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՀՀ-ն չի՞ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, Փաշինյանը պատասխանեց. «Դե ես էլ նույն հարցը տալիս եմ, ՀԱՊԿ-ի՝ Հայաստանից դուրս գալը նեգատիվ ազդեցություն ունի՞, թե՞ չունի։
 
Վերջերս սոցիոլոգիական հարցում էր արվել, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հանդեպ վստահելիությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում նվազում է։ Հարաբերություն ասելով՝ հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերությունները չեն»։
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play