Հասանով․ «Ադրբեջանական մեկ կորպուսը կարող է լուծել Ղարաբաղում գտնվող հայկական ուժերի հարցերը»


Հասանով․ «Ադրբեջանական մեկ կորպուսը կարող է լուծել Ղարաբաղում գտնվող հայկական ուժերի հարցերը»

  • 26-06-2023 15:33:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մենք առանձնապես բարձր չենք գնահատում Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական գոտում գտնվող անօրինական զինված կազմավորումների կարողությունները։ Մեզ հայտնի է դրանց քանակությունը, սպառազինությունը, բարոյահոգեբանական վիճակը, գիտենք, թե ինչի են նրանք ընդունակ», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
 
«Եթե նրանք ինչ-ինչ սադրանքների ու հակաիրավական գործողությունների դիմեն, ապա այդ անօրինական զինված կազմավորումների հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով», - ասել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
 
Զաքիր Հասանովն այսօր հայտնել է նաև Բաքվի կողմից նոր հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին։ «Բացի այն հրթիռներից, որոնց պաշարը մենք լրացրեցինք [2020 թվականի] պատերազմից հետո, նաև մի շարք այլ հրթիռների արդիականացման պրոցես է ընթանում։ Դրա պատճառն այն է, որ ռազմական գործողությունների ժամանակ որոշ հրթիռներ բախվեցին հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործողությունների հակազդեցությանը, ինչը հանգեցրել էր խնդիրների», - ադրբեջանական CBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հասանովը:
 
«Նոր հրթիռային համակարգերի ձեռքբերումը ևս ընթացքի մեջ է։ Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիքների պայմաններում դրանք կապահովեն բանակի առջև ծառացած նոր խնդիրների կատարումը», - վստահեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը