2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչության<br /> այցելությունների թիվը 8,6%-ով աճել է<br />


2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչության
այցելությունների թիվը 8,6%-ով աճել է

  • 12-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչության այցելություների թիվը կազմել է 2 մլն 93 հազար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,6%-ով ավելին է: Այս մասին հունվարի 12-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը: Նրա խոսքերով, 2007թ.-ի համեմատ այցելությունների թիվը ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապեւտների եւ մանկաբույժների մոտ աճել է 7%-ով, նեղ մասնագետների մոտ` 10,5%-ով: Նույն ժամանակահատվածում 14%-ով աճել է լաբորատոր գործիքային հետազոտությունների թիվը: Ա.Սողոյանը նշեց նաեւ, որ 2008թ.-ին 151 116 քաղաքացիների տրամադրվել է անվճար դեղորայք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 14,2%-ով: 2008թ.-ին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կլինիկաներում բուժսպասարկում է ստացել 39 911 քաղաքացի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25,2%-ով ավելի է: Ա.Սողոյանի խոսքերով, 9%-ով ավելացել են շտապօգնության ծառայության կանչերը, սակայն 13%-ով նվազել են ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված կանչերի թիվը: Նշվեց նաեւ, որ 2008թ.-ին Երեւանի 10 ծննդատներում ծնվել է 16 994 երեխա, ինչը նախորդ տարվա համեմատ 8,9%-ով ավելի է: Ա.Սողոյանը հայտնեց, որ հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը անվճար ծննդօգնության պետական հավաստագիր են ստացել 7700 հղի կանայք: Վարչության պետը տեղեկացրեց, որ ամբողջությամբ ավարտվել են Համաշխարհային բանկի միջոցներով Երեւանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ.Աստվածամայր բժշկական կենտրոնների վերանորոգման աշխատանքները: Գր.Լուսավորիչ կենտրոնում իրականացվել են 1 մլն 110 հազ. ԱՄՆ դոլարի շինաշխատանքներ, տեղադրվել 1 մլն 632 հազ. դոլարի ժամանակակից բժշկական սարքավորումներ: Իսկ Սբ.Աստվածամայր բժշկական կենտրոնում կատարվել են 743 հազար դոլարի շինաշխատանքներ, տեղադրվել` 1,9 մլն դոլարի սարքավորումներ: Անդրադառնալով 2009թ.-ին կատարվելիք աշխատանքներին, Ա.Սողոյանը հայտնեց, որ այս տարի նախատեսվում է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի ավտոպարկը համալրել նոր մեքենաներով, ժամանակակից սարքավորումներով եւ կապի համակարգով: Նշվեց նաեւ, որ այս տարի մեծ ուշադրություն է դարձվելու հիմնական մահացության պատճառ հանդիսացող սրտանոթային, արյան շրջանառության համակարգի, նորագոյացությունների, շնչառական եւ մարսողական հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն