Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄԴ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել. վարչապետ


Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄԴ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել. վարչապետ

  • 13-07-2023 12:31:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և այլ հարցերի:
 
Մասնավորապես, վարչապետը նշել է.
 
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
 
Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել  սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա: 
 
Սա կարևոր նրբություն է: Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին, հետևաբար, դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը: 
 
Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Եվ հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար: 
 
Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն: 
 
Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը: Ես միայն անդրադառնամ հետևյալ հանգամանքին. Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկո համակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա 2022թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ: 
 
Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում: 
 
Վերադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի թեմային, ընդգծեմ, որ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Այս առումով, չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով: 
 
Կառավարության նիստի հարգելի մասնակիցների, 
Սիրելի ժողովուրդ,
 
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը: Այդ մասին տարածվել է հաղորդագրություն: 
 
Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը, հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում:
 
Շնորհակալություն»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play