Ինչ հեռանկար է սպասվում Երասխում կառուցվող գործարանին և ովքեր են զբաղվում աշխատանքներով. ընկերությունից մանրամասնում են


Ինչ հեռանկար է սպասվում Երասխում կառուցվող գործարանին և ովքեր են զբաղվում աշխատանքներով. ընկերությունից մանրամասնում են

  • 10-08-2023 11:01:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայկական ժամանակ»-ը փորձել է գնալ վերջին շրջանում մամուլում ամենաշատ շրջանառվող՝ Երասխում կառուցվող մետաղի վերամշակման գործարանի շուրջ լուրերի հետքերով, հասկանալ, թե ովքեր են կանգնած գործարանի կառուցման հետևում, որն է կառուցման նպատակը և ինչու հենց Երասխ համայնքում:
 
«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ը կազմակերպությունների խումբ է, ունի բազմաթիվ դուստր կազմակերպություններ, որոնք զբաղվում են ամենատարբեր գործունեությամբ:
 
Հոլդինգի դուստր ընկերություններից ամենաշրջանառվողը «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն է, որի ջանքերով էլ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետաղի վերամշակման գործարանը, նախագծում ներդրվել է 70 մլն ԱՄՆ դոլար:
 
Գործարանը հենց Երասխում կառուցելու ռիսկերը գիտակցելով հանդերձ, հոլդինգի ղեկավարման խորհուրդը ի սկզբանե որոշել է, որ հնարավորինս պետք է զարգացնել սահմանամերձ շրջանները:
 
«Մարդկանց շատ է ոգևորում այս ներդրումային ծրագիրը, քանի որ Երասխն այն գյուղերից մեկն է, ուր պետք է շատ երկար փողոցներով շրջես մարդկանց հանդիպելու համար: Այս քայլով փորձել ենք ներդրում ունենալ երկրի կայացման և մարզերի վերաբնակեցման գործում»,- նշում են կազմակերպությունից:
 
Գործարանի կառուցման գործում ներգրավված են մի քանի հարյուր աշխատակիցներ Արարատի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական համայնքներից: Հետաքրքրությունն այնտեղ առաջարկվող աշխատանքի նկատմամբ մեծ է, քանի որ աշխատակիցները վարձատրվում են բավականին լավ, շուկայականից բարձր աշխատավարձով:
 
Խոսելով վերջին ամիսներին շարունակվող ադրբեջանական սադրանքների մասին,  «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ից նշում են, որ անկոտրում են՝ հնարավոր և անհնար ամեն ինչ անելու են, որպեսզի գործարանի կառուցումը բարեհաջող ավարտվի և շարունակում են.
 
«Դա մեզ տվեց վստահություն, որ ճիշտ ուղու վրա ենք և այդ ուղին ՀՀ-ի կայուն զարգացումն է, նոր ներդրումներն են, նոր աշխատատեղերն են: Այդ սադրանքները միտված էին այս պրոցեսը դադարեցնելուն, քանի որ գործարանի կառուցվելու պարագայում այն լուրջ տարածաշրջանային հանգույց է լինելու ու լուրջ ներդրումներ են գրավելու»:
 
Ըստ շրջանառվող լուրերի՝ Երասխի գործարանը հոլդինգի կողմից կառուցվող միակ գործարանը չի լինելու:
 
«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի կողմից իրականացվող հաջորդ բարեգործական ծրագիրը, որի մասին հնարավոր չէ չխոսել, էկոբեղմնավորման ծրագիրն է:
 
Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը համագործակցելու է Առողջապահության նախարարության հետ և ընտանիքներին, որոնք չեն կարողանում երեխա ունենալ և չունեն բավարար միջոցներ՝ դիմել էկոբեղմնավորման, տալու են այդ շանսը:
 
«Կառավարությունը ֆինանսավորում է մինչև 35 տարեկան անձանց, մենք ծրագրում ներառելու ենք նաև 35-ից բարձր անձանց: Համապատասխան ստուգումներ անցնելուց հետո, եթե բժիշկները գտնեն, որ այդ ընտանիքները շանս ունեն բալիկ ունենալու, միանշանակ մենք դա ֆինանսավորելու ենք: Նախագիծը վերաբերում է Արարատ խոշորացված համայնքին, քանի որ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հիմնականում այնտեղ:
 
Դիմել է մի քանի տասնյակ ընտանիք, հետազոտությունների արդյունքում ընտրվել է շուրջ 2 տասնյակը»,- մանրամասնում են կազմակերպությունից և հավելում, որ ծրագիրը կարճվել էր Երասխում տեղի ունեցող սադրանքներով պայմանավորված, սակայն հոկտեմբերի 1-ից աշխատանքները վերսկսվելու են:
 
«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի դուստր կազմակերպություններից «ՋԻ ԹԻ Բիլդ»-ը շինարարական ընկերություն է, որ զբաղվում է հոլդինգի կողմից տարբեր մարզերում, այդ թվում՝ Երասխում կառուցվող գործարանի շինաշխատանքներով:
 
Այժմ Երևանի տարբեր վարչական շրջաններում ընկերությունը կառուցում է պրեմիում դասի բազմաբնակարան շենքեր: Կազմակերպությունից փոխանցում են, որ գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ շեշտը դրված է որակի և նոր մոտեցում բերելու վրա՝ սկսած «գաջի ու բետոնի», վերջացրած՝ ամրանների որակով:
 
Հոլդինգը մասնավորից ձեռք է բերել նաև հայտնի Կոմիտասի շուկան, որտեղ ևս կառուցվելու է պրեմիում դասի շենք՝ իր հյուրանոցով:
 
«Այս պահին բանակցում ենք միջազգային հյուրանոցային տարբեր բրենդների հետ, և առաջիկայում կկարողանանք ընտրել հյուրանոցային սերվիսներից որևէ մեկը և բերել Հայաստան: Շուկայի շենքը որպես այդպիսին մնալու է հենց շուկա՝ միջազգային շուկայի մոդելով: Մասնագետների մասով ևս շատ բծախնդիր ենք, ներգարվում ենք թե՛ միջազգային ճարտարապետներ ու խորհրդատուներ, թե՛ շինարարներ՝ մարդիկ, որոնք տարբեր երկրներում աշխատանքի փորձ ունեն, որը կարողանում են բերել և ներդնել նաև այստեղ»,- հայտնում են կազմակերպությունից:
 
Հոլդինգը Ծաղկաձորում ևս ձեռք է բերել լավագույն հողակտորներից մեկը, որտեղ պատրաստվում է կառուցել 5 աստղանի հյուրանոցային համալիր՝ պահպանելով բնապահպանական բոլոր չափորոշիչները: Այս պահին բանակցություններ են վարվում միջազգային հյուրանոցային ցանցի՝ Caesars Palace-ի և TAJ Hotel-ների խմբի հետ, և ըստ մեր ունեցած տեղեկությունների, մոտ ապագայում կհստակեցվեն բանակցությունների արդյունքները:
 
Հաջորդ պրոեկտը ձգվում է դեպի Սևան: Հոլդինգը այնտեղ ձեռք է բերել շատ հայտնի «Ծիծեռնակ» հանգստի գոտին՝ իր շուրջ 10 հեկտար տարածքով, որի նոր տարբերակը պատկերացնում է «ոչ բետոնային լուծումներով»:
 
«Հնարավորինս փայտային կոնստրուկցիայով և էկո ռեզորտ տեսլականով: Այս պահին էլի բանակցություններ են վարվում, համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ, փորձում հնարավորինս միջազգային փորձն ու բրենդներ բերել Հայաստան»,- նշում են կազմակերպությունից:
 
Կազմակերպության գործունեության ու ոլորտների մասին անվերջ կարելի է խոսել, քանզի դրանք բազմազան են.  իրականացվում են կրթական, բարեգործական մի շարք  ծրագրեր ևս:
 
«Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել Արարատ խոշորացված համայնքում, մարզի հետ ունենք շատ հեռանկարներ և սրտացավ վերաբերմունք, և քանի որ գործարանի տարածք ընտրվեց Երասխը, հետևաբար փորձեցինք մեր հնարավորություն չափով հեշտացնել համայնքի բնակիչների կյանքը»,- մանրամասնում են կազմակերպությունից:
 
«ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ը օրերս մեկնարկած 8-րդ Համահայկական խաղերում ֆինանսավորել է լիբանանահայ թիմին և ապահովել նրանց մասնակցությունը: Հոլդինգը հանդիսանում է նաև Sevan Startup Summit 2023-ի համակազմակերպիչը:
 
«Ամեն ինչ անելու ենք, որ ամեն տարիավելի շատ ստարթափերներ,  բիզնես-էքսպերտներ ու մենթորներ գան Հայաստան, ինչը խթանում է մեր երկրի ճանաչողության ու դերի բարձրացմանը միջազգային տարբեր հարթակներում: Ունեինք այնպիսի երիտասարդ մասնակիցներ թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից, որ իրենց մասին դեռ շատ մեծ պատմություններ ենք լսելու»,- նշում են կազմակերպությունից և հավելում, որ «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի գործունեության բնույթից ելնելով պատկերացնում են զարգացող, տնտեսապես կայուն, ներդրումներով լի, դրանց համար գրավիչ թե՛ Երևան, թե՛ Հայաստան. «Դրա համար փորձում ենք մեր հնարավորության շրջանակներում խթանել թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ բնակարանաշինությունը, թե՛ արտադրական ոլորտին, թե՛ արտահանման ոլորտին: Մենք պատկերացնում ենք կայուն և հաստատուն քայլերով զարգացող Հայաստան՝ օր օրի զարգացող տնտեսությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play