ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար. Մարգարյան


ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար. Մարգարյան

  • 14-08-2023 12:28:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի կանխելու համար հումանիտար աղետը ԼՂ–ում։
 
Այս մասին BBC-ի Newshour ծրագրին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
 
Հարցազրույցը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
Մարգարյանը հիշեցրել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին, ու միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները։
 
«Ամենահարմարը կլինի բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»,-ասել է նա հարցազրույցում։
 
Մհեր Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, քանի որ սնունդ ու դեղորայքը չի հերիքում, այնպես որ միջազգային հանրության միջամտությունը խիստ անհրաժեշտություն է։
 
«Դա անհրաժեշտ է զանգվածային վայրագությունները կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ իշեցնելով, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց է հրապարակել, իսկ հուլիսին վերահաստատել այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել:
 
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը