ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ

  • 22-08-2023 09:47:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
 
Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոն ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը շեշտել է հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների համար ստեղծված ծանրագույն պայմանները, ինչպես նաև սննդի և դեղորայքի սուր պակասը:
 
Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի վերաբացման վերաբերյալ, այդ թվում՝ ԵՄ կողմից հնչած ուղերձների կյանքի կոչման հրատապությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակառակ դեպքում իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետի վերածվելուն:
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցերի, մասնավորապես ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play