Սամվել Շահրամանյանն ընտրվեց ԼՂ նախագահ


Սամվել Շահրամանյանն ընտրվեց ԼՂ նախագահ

  • 09-09-2023 17:22:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել էր ԼՂ  Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նախագահ ընտրելու հարցով։
 
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
 
Քվեարկության արդյունքում ԼՂ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել նախագահ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Բաբայանի թեկնածությունը մերժվել էր: Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը Սամվել Շահրամանյանն էր:
 
Հիշեցնենք, ԼՂ ԱԱԾ-ն երեկ՝ սեպտեմբերի 8-ին, հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ սեպտեմբերի 9-ին ԼՂ նախագահի ընտրություններով պայմանավորված, հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն:
 
«Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։
 
Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը»,- մասնավորապես ասված էր հաղորդագրության մեջ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն