Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան


Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան

  • 20-10-2023 10:36:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik.  Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին։ Լրատվամիջոցները հայտնում են 9 զոհի մասին, բայց եկեղեցու փլատակներում կարող են տասնյակ մարդիկ լինել:
 
Նշվում է, որ փլատակներում հայտնվածների մեծ մասը օդային հարվածներից ապաստան փնտրող ծխականներ են, ինչպես նաև Գազայի հյուսիսային և հարավային շրջաններից բռնի տեղահանվածները:
 
Որոշ տվյալներով՝ մոտ հազար մարդ է ապաստան գտել այդ եկեղեցում, կից դպրոցում եւ այլ օբյեկտներում:
 
Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:
 
«Նրանք հարվածեցին գրասենյակներին և վանքի մուտքին։ Ամբողջ շենքը փլվեց։ Բուլդոզերներ են պետք, որպեսզի տեսնենք` քանի մարդ է մնացել փլատակներում», — ասել է արքեպիսկոպոսը ERT-1 հեռուստաալիքին։
 
Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ եկեղեցին ավերվել է հրթիռակոծության հետևանքով, բայց ավելի ուշ հերքվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ հրթիռային հարվածից ոչնչացվել էր եկեղեցական տունը։
 
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
 
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
 
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play