ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները, Ստանո


ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները, Ստանո

  • 17-11-2023 13:35:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն՝ շեշտելով՝ սա նշանակում է, որ կսկսեն գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։
 
Ստանոյի խոսքով՝ վիզաների ազատականացումը շատ կարևոր է, այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար, բայց, նրա խոսքով, դրան բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։
 
«Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցչի խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ առաջադրանքների մասին է խոսքը։ Նա միայն նշել է, որ, եթե ամեն ինչ լավ ընթանա, դա կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։
 
ԵՄ հետ վիզաների ազատականացման առաջարկը հաստատվել է նոյեմբերի 13-ին՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստում։
 
Առաջիկայում այս որոշումը պետք է հաստատի Եվրահանձնաժողովը, բանակցությունների ավարտին էլ որոշումը վավերացվի անդամ երկրների կողմից։
 
Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին սկսվեն Եվրամության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։
 
«Չէր եղել որևէ երկիր, որ առարկել էր, բարդ էր ապահովել այդ կոնսենսուսը բոլոր անդամ երկրների մեջ, բայց շատ դրական զարգացում է: Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության ու անդամ երկրների հետ՝ հնարավորինս արագացնելու այդ գործընթացը», - ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների նիստից մեկ օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովհաննիսյանը։
 
Դեռ 2016-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանն և Եվրամիությունը կհասնեն վիզաների ազատականացմանը։ Դա նախատեսված է նաև Եվրամիության հետ 2017-ին Հայաստանի կնքած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Վիզաների ազատականացման հարցում տարիներ շարունակ, սակայն, էական առաջընթաց չի արձանագրվում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը