ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենայի պայթյունի դեպքով «ահաբեկչության որևէ ապացույց չի գտնվել»․FBI
23-11-2023 11:18:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին՝ Նիագարայի ջրվեժի մոտ գտնվող Rainbow Bridge կամրջին մեքենայի պայթից ժամեր անց ԱՄՆ դաշնային և նահանգային իշխանությունները հայտարարել են՝ քննիչները ահաբեկչության որևէ ապացույց չեն գտել, թեև վթարի հանգամանքները դեռ պարզ չեն, հստակ չէ՝ դեպքը պատահականություն է, թե դիտավորյալ է արվել։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ -«Հետաքննությունն ավարտվել է, դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել, և ահաբեկչության հետ որևէ կապ չի հայտնաբերվել»։
Կամրջի վրա մեքենայի պայթյունից երկու մարդ է զոհվել՝ մեքենայի վարորդն ու ուղևորը, իսկ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության (CPB) աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել։ Զոհերի ինքնությունը դեռ պարզ չէ։
CNN-ը հաղորդում է, թե մեքենայի վարորդը 56-ամյա տղամարդ էր, ով իր կնոջ հետ Bentley-ով գնում էր մասնակցելու KISS ռոք խմբի համերգին:
Ըստ ականատեսների՝ ամերիկյան տարածքից կամրջին մոտեցող մեքենան անսպասելիորեն արագացրել է ընթացքը, բախվել է արգելապատնեշին, մի քանի մետր օդ է բարձրացել, ապա ընկել է ու անցակետի շենքի մոտ պայթել է:
Քննիչները չէին բացառել, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է: Ենթադրվում էր, որ այդ մեքենայում պայթուցիկներ են եղել:
Երթևեկությունը դադարեցվել էր: Այդ շրջանում բոլոր ամերիկա-կանադական անցակետերը և մոտակայքում գտնվող խոշոր քաղաքներից Բուֆալոյի օդակայանը միառժամանակ փակվել էին: Իրավապահները խիստ հսկողություն էին սահմանել: