Ավինյանը Երևանում կայանման վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է համարում


Ավինյանը Երևանում կայանման վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է համարում

  • 26-12-2023 14:42:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Երևանի քաղաքապետը շեշտեց` կարող են սպասել ևս մեկ տարի, 10 կամ 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում, ժամանակ կորցնել պետք չէ։
 
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների (կարմիր գծեր) վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 
Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է կայանման դրույքաչափերը բարձրացնելու հարցը։ Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)` 24 000 դրամ։
 
Այս օրինագիծը քաղաքացիների շրջանում ոչ միանշանակ ընդունվեց, և շատերը դեմ են նման փոփոխությունների։
 
«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,– օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։
 
Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:
 
Քաղաքապետը շեշտեց, որ, իհարկե, կարող են սպասել ևս մեկ տարի, 10 տարի, 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում և չեն ցանկանում կորցնել ևս մեկ տարի։ Նա նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ (ավտոբուսների և միկրոավտոբուսների համար,– խմբ.)։
 
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշեց, որ քաղաքը բեռնաթափելուց առաջ պետք է այն հարմարավետ դարձնել քաղաքացիների համար։
 
«Մեր քաղաքը բոլորս շատ ենք սիրում, բայց այն պետք է քաղաքացիների համար հարմարավետ դարձնել։ Պետք է այդ հարցերը լուծենք, հետո նոր ճեմուղիներին, մետրոներին և թանկացումներին անդրադառնանք»,– նշեց Թորոսյանը։
 
Տիգրան Ավինյանն ընդգծեց` քաղաքը պետք է հարմարավետ դարձնել մարդկանց համար, ոչ թե մեքենաների։ Ըստ նրա` չնայած այս նախագիծը շատ է քննադատվել, բայց վստահաբար այն արդյունք կտա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը