Բյուջեն կերել, բանակը թալանել են հանուն Ղարաբաղի, հիմա էլ մարդկանց վրա են կրակում հանուն Ղարաբաղի. Չախոյան


Բյուջեն կերել, բանակը թալանել են հանուն Ղարաբաղի, հիմա էլ մարդկանց վրա են կրակում հանուն Ղարաբաղի. Չախոյան

  • 16-01-2024 16:00:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն անդրադարձել է օրեր առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանական գործողություններին և դրա վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
 
Ըստ նրա՝ գեներալի կոչումով անձի կողմից խուլիգանական պահվածքը փորձ է արվում հանրությանը ներկայացնել հանուն Ղարաբաղի ծագած բանավեճի հետևանք. իբրև Ղարաբաղի թասիբն է պահել, մարդկանց վրա է կրակել։
 
«Դրանց որ թողնես, ամեն բան արել են հանուն Ղարաբաղի. բյուջեն կերել են հանուն Ղարաբաղի, բանակը թալանել են հանուն Ղարաբաղի, մարդկանց ունեզրկել են հանուն Ղարաբաղի, ագենտ են դարձել հանուն Ղարաբաղի... Հիմա էլ հանուն Ղարաբաղի մարդկանց վրա են կրակում»,- նկատել է Չախոյանը:
 
Ըստ մամուլում շրջանառվող հրապարակումների՝ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպին մասնակցել է նաև ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արմեն Հարությունյանը։ Խաչատրյանը մեղադրել է Արայիկ Հարությունյանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի նման հանգուցալուծման համար, որից էլ առաջացել է վեճը և կրակոցը:
 
Ըստ քննչական կոմիտեի՝ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։
 
Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է։ 
 
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանության գործով կա ևս 4 ձերբակալված անձ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play