Ցեղասպանության մասին լռելը մեծ հետևանքներ է կրում, պատմությունը դատելու է մարդկանց մահվան վրա աչք փակողներին. Էրդողան


Ցեղասպանության մասին լռելը մեծ հետևանքներ է կրում, պատմությունը դատելու է մարդկանց մահվան վրա աչք փակողներին. Էրդողան

  • 16-02-2024 12:34:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ կիսվել է իր տեսակետներով միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ։
 
Հատկանշական է, որ Էրդողանը խոսել է թեմաներից, որոնք առնչվում են նաև հենց իրեն: Նա խորհուրդ է տվել առերեսվել պատմական ճշմարտության հետ, որը կապ ունի հենց Թուրքիայի պատմության հետ: 
 
Մամուլի հետ զրույցում Էրդողանը գոհունակություն է հայտնել Գազա մարդասիրական օգնության առաքման դրական զարգացումների կապակցությամբ։
 
«Մենք լուծումներ ենք քննարկել, մասնավորապես, Եգիպտոսի նախագահ պարոն Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Նա ասել է, որ այդ հարցում Իսրայելի վրա ճնշումը կշարունակվի»,- նշել է թուրք առաջնորդը։
 
Նախագահն ընդգծել է ինչպես Եգիպտոսի առաջնորդի, այնպես էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ բանակցությունների շարունակման կարևորությունը։ Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Ռաֆահ քաղաքում՝ դրանք անվանելով «անմարդկային արարք», որն Իսրայելի համար դարձել է սովորական բիզնես։
 
«Մենք ասել ենք, որ չենք կարող զիջումների գնալ մարդկանց անվտանգության հարցում։ Մտածեք, թե արդյոք կա՞ որևէ բան, որը համապատասխանում է մարդկային արժեքներին, ռազմական իրավունքին, միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին՝ ասելով խաղաղ բնակիչներին «գնացեք այս տարածք, անվտանգ է», և հետո ռմբակոծեք այդ տարածքը: Մարդկությունը պետք է որքան հնարավոր է շուտ լսի այս աղաղակը։
 
Այս ցեղասպանության մասին լռելը մեծ պատասխանատվություն և հետևանքներ է կրում։ Պատմությունը դատելու է նրանց, ովքեր աչք են փակել այս մարդկանց բացահայտ սպանության վրա։ Նրանք, ովքեր ստորագրում են այս ցեղասպանությունը, արդեն մեղավոր են հայտարարվել պատմության առաջ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
 
Նրա խոսքով, Իսրայելը մեկուսացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ։ Սակայն, չնայած դրան, դաժան հարձակումները շարունակվում են։ Էրդողանը ափսոսանք է հայտնել խաղաղության կոչերի անարդյունավետության համար՝ հատկապես Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով։
 
«Չնայած իրավիճակն այսպիսին է, մենք շարունակում ենք աշխատել հրադադարի և խաղաղության հասնելու ուղղությամբ, քանի որ այլ ելք չունենք»,- ընդգծել է պետության ղեկավարը։ 
 
Էրդողանը նաև նշել է որոշ երկրների դիրքորոշման փոփոխությունը, որոնք ի սկզբանե աջակցել են Իսրայելին և ընդգծել կայուն խաղաղության հասնելու համար հետագա ջանքերի անհրաժեշտությունը, ներառյալ անկախ Պաղեստին պետության ճանաչումը:
 
«Թուրքիան պաշտպանում է ոչ միայն պաղեստինցի եղբայրներին, այլև մարդու իրավունքները, խաղաղությունը, միջազգային իրավունքը։ Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս իր անկեղծությունն այս հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլոբալ համակարգի արատավոր կառուցվածքը» պետք է փոխվի՝ հետագա ջարդերը կանխելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play