ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ<br /> ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

  • 25-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Արտաքին գործերի նախարարության «Hellinic Aid» բաժնի ֆինանսավորմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Հանրապետական անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնում նոյեմբերի 25-ին բացվեց սննդամթերքում պեստիցիդների (թունաքիմիկատների) ստուգման լաբորատորիա: Լաբորատորիան, որի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը, ստեղծվել է Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Ժամանակակից սարքավորմուներով հագեցած լաբորատորիայի համար հունական կառավարությունը հատկացրել է 230 հազար եվրո: Տ.Սարգսյանի խոսքերով, լաբորատորիան հնարավորություն կտա գյուղնախարարությանը հանրությանը տրամադրել տեղեկատվություն այն մասին, որ թե Հայաստանում աճեցված որ պտուղ-բանջարեղենում առողջության համար վնասակար նյութեր չեն պարունակվում: Նա նշեց, որ մինչ օրս նման հագեցվածության լաբորատորիա հանրապետությունում չի եղել, որպեսզի հնարավոր լիներ պարզել, թե պտուղների մշակման ժամանակ օգտագործվող քիմիական նյութերը հետագայում ինչ ազդեցություն են թողնում օգտագործողների վրա: Ըստ Տ.Սարգսյանի, այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, քանի որ 2009թ.-ին նախատեսվում է հանրապետությունում ավելացնել գյուղատնտեսության տեսակարար կշիռը` ինչպես ՀՆԱ-ում, այնպես էլ սպառման ապրանքների ծավալներում: Աթենքի Գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Սերգո Հարությունյանը ընդգծեց, որ այս լաբորատորիան հնարավորություն կտա ստուգման ենթարկել ինչպես Հայաստանում արտադրված, այնպես էլ ներկրվող սննդամթերքն ու գյուղմթերքները: «Այս լաբորատորիայում կստուգվի սննդամթերքում պարունակվող մոտ 100 թունաքիմիկատների չափաբաժինը: Եթե դրանց քանակությունը նորմայից ավելի լինի, ապա կարգելվի տվյալ սննդամթերքի կամ գյուղմթերքի վաճառքը շուկայում»,- ասաց Ս.Հարությունյանը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանից արտահանվող մթերքը լաբորտաորիայում փորձաքննության ենթարկվելուց հետո կստանա եվրոպական ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատ: Ս.Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական կլինի, եւ հունական կառավարության ֆինանսավորմամբ 2009թ.-ին Երեւանում կբացվի տարբեր խմիչքների հետազոտման լաբորատորիա, ինչպես նաեւ կենդանիների կերի պատրաստման գործարան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play