«FRANCE TELECOM»-Ը ՍՏԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ
ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ
19-11-2008 23:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովը France Telecom
ընկերությանը, որը Հայաստանում գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան
տակ, շնորհել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության
վերջնական լիցենզիա: Այն տրամադրվել է 15 տարի ժամկետով` եւս 15
տարի երկարացման իրավունքով: «ՖՏԱ-Տելեկոմ»-ին նոյեմբերի 19-ից
կտրամադրվի տասը տարի ժամկետով ռադիոհաճախականությունների
օգտագործման թույլտվություն: Ընկերությունը համարներ կտրամադրի
+374(0)55 եւ +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների
փոխարինման իրավունքով:
Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է
լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ
ապահովել Երեւանում եւ 42 քաղաքների տարածքներում:
Լիցենզիան ստանալու օրվանից երեք տարվա ընթացքում
ընկերությունը պարտավոր է բջջային կապի ծածկույթ ապահովել
Հայաստանի նվազագույնը 200 գյուղերում եւ Հայաստանը Վրաստանի եւ
Իրանի հետ կապող տրանսպորտային հանգույցների 85 տոկոսի համար:
«ՖՏԱ-Տելեկոմ»-ը բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիա
ստանալու համար պարտավորվել է փոխանցել 51,5 մլն եվրոյի չափով
գումար բանկային մեկ օրվա ընթացքում: Ընկերությունը հայկական
շուկայում հանդես կգա Orange ապրանքանիշի ներքո: