«FRANCE TELECOM»-Ը ՍՏԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ<br /> ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ <br />


«FRANCE TELECOM»-Ը ՍՏԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ
ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

  • 19-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը France Telecom ընկերությանը, որը Հայաստանում գրանցված է «ՖՏԱ-Տելեկոմ» անվան տակ, շնորհել է բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության վերջնական լիցենզիա: Այն տրամադրվել է 15 տարի ժամկետով` եւս 15 տարի երկարացման իրավունքով: «ՖՏԱ-Տելեկոմ»-ին նոյեմբերի 19-ից կտրամադրվի տասը տարի ժամկետով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: Ընկերությունը համարներ կտրամադրի +374(0)55 եւ +374(0)95 կոդերով, տասը տարի ժամկետով համարների փոխարինման իրավունքով: Լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում GSM-ծածկույթ ապահովել Երեւանում եւ 42 քաղաքների տարածքներում: Լիցենզիան ստանալու օրվանից երեք տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է բջջային կապի ծածկույթ ապահովել Հայաստանի նվազագույնը 200 գյուղերում եւ Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող տրանսպորտային հանգույցների 85 տոկոսի համար: «ՖՏԱ-Տելեկոմ»-ը բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիա ստանալու համար պարտավորվել է փոխանցել 51,5 մլն եվրոյի չափով գումար բանկային մեկ օրվա ընթացքում: Ընկերությունը հայկական շուկայում հանդես կգա Orange ապրանքանիշի ներքո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն