ԵՄ առաքելությունը հավատարիմ է մանդատին և միջազգային հանրությանը տրամադրում է տեղեկատվություն. Ֆրանսիայի դեսպան
02-04-2024 15:39:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։
«Տեղում՝ ռազմական շփման գծին հնարավորինս մոտ, առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,- գրել է նա՝ կիսվելով առաքելության՝ ապրիլի 1-ին սահմանային դիտարկումների հրապարակմամբ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հերքել էին Ադրբեջանի տարածած այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ուսումնական ավտոերթը ներկայացվել է որպես զորաշարժ:
Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները ևս հայտարարել էին, որ ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։