ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է պատրաստում Ադրբեջանի կառավարության մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին


ԱՄՆ Կոնգրեսը օրինագիծ է պատրաստում Ադրբեջանի կառավարության մի խումբ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին

  • 22-04-2024 15:56:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամերիկացի կոնգրեսականների խումբը՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, նախատեսում է այս շաբաթ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կոնգրեսի աղբյուրներին։
 
Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյայի՝ զինվորականների, դատավորների, քննիչների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, ներքին գործերի նախարարության, պետական ​​անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
 
Օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անելու 180 օրվա ընթացքում ԱՄՆ օրենսդրության, այդ թվում ՝ Մագնիտսկու գլոբալ օրենքի շրջանակում որոշում կայացնել նշված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:
 
Նման օրինագծի ընդունումը բացատրվում է «ընդդիմության նկատմամբ կառավարության դաժան բռնաճնշումներով և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուրջ մտահոգությամբ»:
 
Օրինագիծը վերաբերում է նաև հայ բանտարկյալների իրավունքների խախտմանը։ Սա «լուրջ հարցականի տակ է դնում Ադրբեջանի կառավարության հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար ու կայուն խաղաղության շուրջ բանակցելու կարողությանը»,- ասվում է փաստաթղթում։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play